1933 թվականին Սևանա լճում եղել է 58 մլրդ խմ քաղցրահամ ջուր, իսկ այսօր այդ ցուցանիշը կազմում է 35 մլրդ: Այսպիսով մակարդակն այդ տարիների ընթացքում իջել է 16,75 մետրով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնախնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Վլադիրմիր Մովսիսյանը, հավելելով, որ 1933-ից ի վեր, այդ պաշարներն օգտագործվել են ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրման նպատակներով: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ նախորդ տարվա համեմատ Սևանի մակարդակը բարձր է 13 սմ-ով: Ըստ մշակված ծրագրի, յուրաքանչյուր տարի Սևանի մակարդակը պետք է բարձրացվի 20-21 սմ-ով, իսկ 2031 թվականին նախատեսվում է Սևանի մակարդակը հասցնել 1903.5 մետրի, այսինքն լճում եղած ջրի ծավալն ավելացնել 8 մլրդ խմ-ով: Սա այն ցուցանիշն է, որի դեպքում լճում բացասական երևույթներ չեն եղել:

Լճի մակարդակի բարձրացման համար կա երկու ճանապարհ. առաջինը Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումն է, սակայն Վ. Մովսիսյանի ներկայացմամբ, թունելն այժմ վթարային իրավիճակում է, որի վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն առաջիկա 5 տարվա ընթացքում: Երկրորդ ճանապարհը լճից ոռոգման նպատակով ավելի քիչ ջրի բացթողումն է:

Նշենք, որ նախորդ տարի ԱԺ-ն որոշել էր կրկնակի ավելքացնել ջրի բացթողնման քանակը, այն հասցնելով 302 մլն խմ-ի, սակայն այս տարի նախատեսվում է բաց թողնել դրանից 160 մլն խմ-ով պակաս ջուր: Այսօրվա դրությամբ, ոռոգման նպատակով լճից բաց է թողնվել 24 մլն խմ, անցյալ տարվա 125 մլն-ի դիմաց: Նա նշեց նաեւ, որ Սևանից բաց թողնված ջրի 48-50 տոկոսը կորում է ոռոգման ցանցերում, ջրանցքներում ու ներքին ցանցերում:

Ի դեպ, եթե Սևանի մակարդակը հասնի նախատեսված ցուցանիշին, ապա հանձնաժողովի հաշվարկներով, ջրի տակ կմնան 2770 հա անտառ, 2.2 կմ նոր ճանապարհ, 18 կմ էլեկտրոհաղորդման համակարգեր, 19 կմ գազատարներ, մինչև 1908 մ բարձրության վրա կան 1690 ափամերձ անօրինական շինություններ և 66 օրինական կառույցներ: Անօրինական օբյեկտները կքանդվեն առանց փոխհատուցման, իսկ օրինական շինությունների սեփականատերերը կփոխհատուցվեն: Հիշեցնենք, որ երբ նախորդ տարի ԱԺ-ն որոշեց կրկնակի չափով ավելացնել Սեւանից բաց թողնվող ջրի քանակը, քաղաքական շրջանակները խոսում էին այն մասին, որ դրա արվում էր, որպեսզի լճի ափին օբյեկտներ ունեցող պատգամավորների ու պաշտոնյաների շինությունները ջրի տակ չմնան: