Գերմանացի նկարիչ Անսելմ Կիֆերը հայտնել է ատոմային էլեկտրակայան գնելու իր մտադրության մասին: Կայանը գտնվում է երկրի արեւմուտքում, չի գործում 1988թ.-ից:

Lenta.ru-ի տեղեկացմամբ` Կիֆերը հայտնել է, որ ԱԷԿ-ը հրապուրում է իրեն, քանի որ «էներգիայի արտադրության ամենաֆանտաստիկ ձեւերից է»:

Կիֆերն արդեն կայանը ձեռք բերելու մասին նամակ է գրել RWE էլեկտրաէներգետիկական ընկերության ղեկավար Յուրգեն Գրոսմանին եւ հույս հայտնել, որ ծայրահեղ դեպքում գոնե ԱԷԿ-ի աշտարակային սառեցուցիչը կվաճառվի իրեն, հայտնում է Reuters-ը: Ներկա պահին Կիֆերը մտածում է, թե ինչպես կարող է կայանը արվեստի տան վերածել:  «Ես դեռ չգիտեմ, թե ինչ կանեմ այնտեղ, բայց հաստատ պատերին կովեր եւ ամպեր չեմ նկարի», - նշել է նկարիչը  «Շպիգել» ամսագրի հետ հարցազրույցում:

Նշվում է, որ ԱԷԿ-ի մի մասը Կիֆերին վաճառելու մասին որոշում դեռ չի կայացվել: