Որոնողական թիմերին հաջողվել է Բրիտանական Կոլումբիայի նահանգի լեռներում հայտնաբերել կործանված ուղղաթիռ, որի օդաչուն զոհվել է, տեղեկացրել է CTV հեռուստաալիքը։

Մասնավոր ուղղաթիռի որոնումներն սկսվել էին ուրբաթ կանադական Գլեյշեր ազգային պարկի լեռներում։ Պարզվել է, որ ուղղաթիռը, որի մոդելը չի նշված, թռել էր Կալհարիից, որը գտնվում է հարեւան Ալբերտա նահանգում։

Զոհված օդաչուի անձը չի նշվել։

10 ուղեւոր տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Ավստրալիայի հյուսիս-արեւելքում, 2 մարդ հոսպիտալացվել է, տեղեկացրել է ABC ռադիոկայանը։

Ոչ մեծ ինքնաթիռը շրջվել է Լիզարդ կղզում (գտնվում է Քերնսից 250 կիլոմետր հյուսիս, օվկիանոսում) վայրէջք կատարելու ժամանակ։ Ինքնաթիռում ինը մեծահասակ եւ մեկ երեխա է եղել։ Վթարի հետեւանքով երկու ուղեւոր լրջորեն տուժել է եւ հոսպիտալացվել, մյուսները տեղում բուժօգնություն են ստացել։

Տուժածներին  կղզի հասցնելու համար ուղարկվել են երկու փրկարար ուղղաթիռ եւ սանավիացիայի Royal Flying Doctors ծառայության մեկ ինքնաթիռ։ Ոստիկանությունը տեղում փորձում է պարզել միջադեպի պատճառները եւ հանգամանքները։

Առնվազն մեկ մարդ զոհվել է կոլումբիական Վալյեդուպար քաղաքի մոտ, Cessna-421 ինքնաթիռի կործանման հետեւանքով, այն բժիշկներ էր տեղափոխում, տեղեկացրել է El Tiempo թերթը։

Քաղաքապետ Էռնեստո Օրոսկո Դուրանը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը՝ չնշելով զոհերի թիվը։

El Tiempo-ի տվյալներով՝ ինքնաթիռում, որը պետք է Բոգոտա հասցներ 11-ամյա տղային բուժման նպատակով, կար վեց մարդ։ Մահացել է երեխային ուղեկցող բժիշկներից մեկը։ Ողջ մնացածները հոսպիտալացվել են։

Կործանման պատճառները առայժմ պարզված չեն։  Իշխանությունների տվյալներով՝ օդաչուն տեղեկացրել է անսարքության մասին եւ փորձել է վերադառնալ օդանավակայան։