Ամոթ է, որ հենց միանգամից ստում են եւ հնարավորություն չեն տալիս քննչական մարմիններին քննություն կատարել եւ պարզել՝ ինչ է տեղի ունեցել իրականում: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով հունվարի 13-ին ձնահոյւսի մեջ մնացած եւ մահացած զինծառայող Բենյամին Մանուչարյանի մահվան գործի վերաբերյալ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարություններին, թե եղել է արտաքին ճնշում, հազարատները պահանջել են հենց այդ օրը ազատ արձակել իրենց զինվորին:

«Ի՞նչ է նշանակում արտաքին ճնշում, ո՞ւմ են ճնշել, Պապիկյանին են ճնշե՞լ, որ զինվորը տուն գնա: Էլի եկան ու թելադրեցին իրենց վարկածը: Սա ուղղորդում է քննությանը: Սա նշանակում է՝ սա չի բացահայտվելու: ՔԿ-ն մի առանձնապես շահագրգռված չէր, որ բացահայտի նման դեպքերը, էլի են եղել նման դեպքեր: Ես հիշում եմ 2000-ին Քելբաջարի զորամասում եղել էր ծեծ, կռիվ, փախել էին մի կերպ խեղճ զինվորները, որ պրծնեն, բայց մնացել էին ձյան տակ: Մեկը մահացել էր, երկուսին ծանր վիճակում տեղափոխել էին:

Ես կեղծիք եմ համարում, որ որեւէ մեկը կարող է ճնշում գործադրել զորամասի հրամանատարի  վրա: Ծառայության վերջին օրը զինվորը չէր կարող դիրքում լինել, նա պետք է զորացրվեր այդ օրը:Կարող է սպասել են, անհանգստացել են: Եթե դա համարվում է ճնշում եւ դա ասվի վարչապետի մակարդակով, սա ուղղակի կեղծիք է:

Ոչ մեկը չի կարող ՊՆ-ին ճնշել, սա հորինված ինչ-որ մի վարկած է, որով փորձում են արդարանալ: Եվ շատ վատ է, որ մեղքը բարդում են ընտանիքի վրա, ինչպես միշտ: Պապիկյանի խոսքից հասկացվում է, որ նրանք չեն պատրաստվում ինչ-որ բան փոխել: Նրանք պետք է հանրությանը հրապրակային ասեին, որ ամեն ինչ անելու են, որ բացահայտվի այդ դեպքը»,- հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը: