Միջազգային ճգնաժամային խումբը զեկուց է հրապարակել՝ արձանագրելով իրաքցի քրդերի թուրքական կողմնորոշման փաստը: Զեկույցում ներկայացված են Իրաքի հյուսիսային շրջանի ղեկավար Մեսուդ Բարզանիի մամլո պատասխանատու Ֆուաթ Հուսեինի խոսքերը. «Եթե իրաքցիները ընտրեն շիական Իրանը կամ սունիական Սիրիան, ապա իրաքի քրդերը ստիպված են լինելու համաձայնության գալ Թուրքիայի հետ: Թուրքիան էլ սրա շրջանակներում քրդերի կարիքն է ունենալու: Մենք ստիպված ենք Թուրքիայի հետ միասին լինել եւ եթե Թուրքիայի տեսանկյունից նայեք, կտեսնեք, որ Իրաքում մեզնից բացի ուրիշ բարեկամ կամ գործընկեր չունեն»:
Զեկույցում կա նաեւ հյուսիսային Իրաքի ղեկավարներից մեկի խոսքը, ում անունը չի հայտնվում: «Ես կընդունեմ մեր անկախ լինելու իրավունքը, սակայն եթե դա չի լինում, ես կնախնտրեմ լինել Թուրքիայի հետ, քանի որ Իրաքը ժողովրդավարական երկիր չէ»,- ասել է բարձրաստիճան քուրդը:
«Իրաքցի քրդերի հետ տնտեսական միասնություն ապագայում հնարավոր է: Մենք կողմ ենք Իրաքի տարածքային ամբողջականությանը: Սակայն տնտեսական առումով առաջխաղացում հնարավոր է: Բաղդադի հետ համաձայնեցնելով, քրդական շրջանի ու մեր սահմանի միջեւ տնտեսական ազատ գոտի կարող են ստեղծել»,- նշել է թուրք մի պաշտոնյա:
Թուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ, զեկույցում ասվում է, թե տարածաշրջանային իրադարձություններին ուշադրությամբ հետեւող Անկարան, հյուսիսային Իրաքում թուրք ձեռնարկատերերի ներդրումները խթանելով, ցանկանում է լինել այդ շրջանի նավթի եւ բնական գազի արտահանման միջնորդը:



















