Երեւանում, այսօր` նոյեմբերի 2-ի գիշերը, Արցախի պողոտայի թիվ 1 շենքին բախվել է ավտոմեքենա. ներսում առաջացել է ծխապատ գոտի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Volkswagen Passat մակնիշի 27 ՕՕ 490 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է «Թայմ Սքվեր» գիշերային ակումբի մուտքի մեջ:
Տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, 21-ամյա Հովիկ Կնյազյանը, հրշեջ-փրկարարների ուժերով` ուղեւոր, 46-ամյա Լյուդվիգ Կնյազյանը:
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն. նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























