Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրավիրված է եղել եւ մասնակցել է ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի դստեր` Նադեժդայի եւ վրացի ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլիի հարսանիքին, որը կայացել է Արեւելյան Վրաստանում: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ»-ը` վկայակոչելով «Կվելա սիախլե» թերթին:

Լրագրող Նինո Դարասելին, ով նույնպես հյուր է եղել հարսանիքին, պատմել է, որ տոնակատարության մթնոլորտն այքան լավն է եղել, որ նախագահի այցը «լարվածություն չի առաջացրել»:

Զույգն ամուսնացել է հոկտեմբերի 29-ին, Կախեթիի շրջանի «սիո քաղաք» Սիգնագիի Բոդբ վանքում: Հարսանիքը տեղի է ունեցել պատմական Ծինանդալիում: 25-ամյա Նադեժդա Միխալկովան եւ 28-ամյա Ռեզո Գիգինեիշվիլին 4 ամսական դուստր ունեն:

Ռուսաստանից հրավիրված է եղել շուրջ 60 մարդ, այդ թվում ռեժիսոր եւ դերասան Ֆյոդոր Բոնդարչուկը, երգիչ Վլադիմիր Պրեսնյակովը: Բացի այդ, հարսանիքին մասնակցել են նաեւ երգչուհիներ Նինո Բրեգվաձեն եւ Էկա Մամալաձեն, ռեժիսոր Դավիթ Սաքվարելիձեն, գրող Լաշա Բուգաձեն եւ այլ հայտնի դեմքեր: