Նախորդ շաբաթ Հայաստանի պետական կառույցներից մեկի ղեկավարը գաղտնի այցելել է Իսրայել: Այս մասին IzRus պորտալին հայտնել է իսրայելական հավաստի աղբյուրը: Հայաստանից Իսրայել մեկնած պատվիրակության կազմում եղել է երեք մարդ, ովքեր Իսրայելում անցկացրել են մի քանի օր:
Հայ հյուրերը դիտել են մի շարք պրոֆիլային կառույցներ Իսրայելի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում, այցելել Երուսաղեմի հայկական թաղամաս: Ընդոնող կողմը զարմացած է եղել հայ պաշտոնյայի` Իսրայելի պատմության եւ ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ իր հրեա գործընկերների աշխատանքի նրբությունների լավ իմացությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ, այս այցելության նախաձեռնողը եղել է Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմը, ով այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա մարտին: Հենց նա էլ ուղեկցել է հայկական պատվիրակությանն Իսրայելում:
Հայ հյուրերն Իսրայելի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներ չեն ունեցել: Այցելությունը կրել է ճանաչողական բնույթ եւ կոնկրետ գործարքներ ու նախագծեր չեն քննարկվել:
Միաժամանակ, IzRus պորտալի աղբյուրը հավելել է, որ հայկական կողմը կարծիք է հայտնել, որ թուրք-հրեական հարաբերություններում առկա ճգնաժամը լավ նախադրյալներ է ստեղծում Երեւանի եւ Երուսաղեմի միջեւ կապերի զարգացման համար:




























