Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է վրացի օրենքով գող Գիզո Կարդավան,  մականունը`«Գիզո», ում մտադիր են արտաքսել ՌԴ-ից: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով  ՌԴ ՆԳՆ քաղաքային վարչությանը:

33-ամյա քրեական հեղինակությանը  ձերբակալել են Բերեժկովյան ափի տներից մեկում: Նա Ուկրաինայի քաղաքացու անունով անձնագիր է ներկայացրել, բայց, միեւնույն է, ճանաչվել է: Դորոգոմիլովսկի դատարանի որոշմամբ ձերբակալվածին  տեղակայել են օտարերկրյա  քաղաքացիների պահման կենտրոնում` մինչեւ արտաքսման մասին որոշում կայացնելը:

Հայտնի չէ, թե հատկապես ուր կուղարկվի Կարդավան: Աբխազիայի պետական լրատվական «Апсны-пресс», գործակալության տվյալներով` նա Աբխազիայի Գալլի շրջանից է: Սակայն հայրենիքում նա սկանդալային անձ է. 2011թ. հոկտեմբերին աբխազական  Գլխավոր դատախազությունը խուզարկություն է անցկացրել ՆԳՆ սեփական անվտանգության ծառայողական հաստատություններում` Կարդավային եւ մի քանի այլ օրենքով գողերի անօրինական անձնագրեր տրամադրելու հետ կապված, հայտնում է lenta.ru-ն:

«Ինտերֆաքսի» տվյալներով` ռուսական իրավապահ մարմիններում կարծում են, որ Մոսկվայում Կարդավան բանդա էր գլխավորում, որը զբաղվում էր բնակարանների կողոպուտով, ավտոմեքենաներից իրերի առեւանգմամբ եւ թմրանյութերի առեւտրով: Նրան հիշատակել էին գողերի  խոշոր «հավաքների» մասնակիցների շարքում: ՆԳՆ-ում ակնկալում են, որ Կարդավային արտաքսելը կնվազեցնի հանցագործությունների թիվը Մոսկվայում  եւ Մերձմոսկովյան շրջաններում: