Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները դժվար թե դրական ազդեցություն ունենան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի օրերս կատարած հայտարարությունը:  Վերջինս շնորհակալություն էր հայտնել Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության համար, սակայն հավելել էր, որ դա չի կարող նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

 «Հայտնի է, որ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել մարդասիրական օգնություն ուղարկել Թուրքիա եւ արել է դա: Չեմ կարծում, որ Դավութօղլուի հայտարարությունները  կարող են դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: Սա եւս մեկ անգամ վկայում է, որ թուրքական կողմը շարունակում է  ապակառուցողական մոտեցում ցուցաբերել, որ դրսեւորել եւ շարունակում է դրսեւորել Ցյուրիխից հետո», - ասաց Նալբանդյանը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 23-ին Թուրքիայի արեւելքում գտնվող Վան նահանգում ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել: Երեք օր անց Թուրքիայի ղեկավարությունը համաձայնել էր միջազգային մարդասիրական օգնություն ընդունել, այդ թվում` Հայաստանից եւ Իսրայելից: Իսրայելից որպես մարդասիրական օգնություն ստացած բրդե ծածկոցները Անկարան հետ էր վերադարձրել: