Շատ մեծ տարբերություն կա այն տրանսպորտային համակարգի միջև, որ գործում էր 2013 թվականին, ու այսօրվա համակարգի միջև։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տրանսպորտի փոխադրավարձի թանկացմանը, ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Ես ինքս էլ եմ մասնակցել այդ ցույցերին։ Իրարից շատ տարբեր են առնվազն շարժակազմերի առումով, ինչը չի նշանակում որ հիմա մեր պատկերացրած տրանսպորտային համակարգն է։ Պատահական չէր, որ ասացի՝ ես էլ եմ 2013-ին այդ ցույցերին մասնակցել։
Իմ պահանջը այդ օրվա քաղաքային իշխանություններից այն չէր, որ առհասարակ բացառված է՝ չպետք է թանկանա։ Ասում էինք, եթե «ԳԱԶԵԼ» է, ոչ մի նոր որակ չկա, ի՞նչն եք թանկացնում։ Ասում էին թանկացնենք, որ լավ որակ բերենք, մենք էլ ասում էինք՝ բերեք նոր թանկացրեք։ Հիմա այդ «ԳԱԶել»-ները էլ չկան»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 2013 թվականին հանրային մեծ բողոք առաւացավ, երբ իշխանությունները որոշեցին տրնսպորտի ուղեվարձը 100 դրամից դարձնել 150 դրամ: Ի վերջո, իշխանությունը հետ կանգնեց թանկացման մտադրությունից:





























