Նոր չէ, որ դպրոցներում «Առողջ ապրելակերպ»-ի ուսուցումը պարտադիր են դարձել. դրանք եղել են պետական պարտադիր առարկայացանկում՝ ֆիզկուլտուրա առարկայի դասաժամի հաշվին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը:

«Այն դասավանդվել է 8-11 դասարաններում, հիմա էլ դասավանդվում է հին չափորոշիչի համաձայն: Վերարտադրողական առողջությանը վերաբերող թեմաները գրեթե նույնությամբ ընդգրկված են այդ ծրագրում: Դրանք դասավանդվում են 2007 թվականից:

Երկրորդ, սա խմբակ է դարձել, որովհետեւ նոր չափորոշիչների կազմման ընթացքում անհրաժեշտություն կար առողջ ապրելակերպի գաղափարները, վերջնարդյունքները մի քիչ տարիքով իջեցնել, սկսել 5-րդ դասարանից: Նաեւ կարիք կար ֆիզկուլտուրա առարկայից շրջանակից դուրս գալ: Հնարավոր տարբերակ գտնվեց պարտադիր խմբակի տարբերակը, որ 5-11 դասարան դասավանդվի: Նոր չափորոշիչներով պարտադիր խմբակի իրավունքից օգտվում է «առողջ ապրելակերպը» եւ մսնագիտական կողմնորոշումը:

Այժմ մենք մշակել ենք «առողջ ապրելակերպ» դասավանդող ուսուցչի կարողունակությունների ցանկ, թե ինչպիսին պետք է լինի, որովհետեւ ակնհայտ է, որ ոչ բոլորն են կարող դասավանդել այս առարկան: Պետք է լինի ուսուցիչ, որը փոխադարձ հարգանքի միջավայրում է դասն անցկացնում, ինքը ունի երեխաների հանդեպ մեծ հարգանք, կարողանում է լեզու գտնել նրանց հետ, անկեղծ լինել, երեխաներն էլ չեն անհանգստանում իր ներկայությունից: Ցավոք սրտի, միշտ չէ, որ դպրոցները հետեւում են ասյ կարողունակություններին, ինչը շատ դժվար է վերահսկելը»,-ասաց նա: