Մենք որևէ մասնակցություն չենք ունենա Հայ առաքելական եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի վերաբերյալ քննարկումներին։ Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։
Նա սա պատճառաբանել է գործընթացի հակասահմանադրական բնույթով։ «Մենք հարգում ենք Սահմանադրությունը, ի տարբերություն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որն արդեն մի քանի հակասահմանադրական օրենք է ընդունել», — ընդգծել է պատգամավորը։
Նշենք, որ խորհրդարանական հերթական քառօրյայի օրակարգում ընդգրկված է երկու հարց, այդ թվում՝ մի շարք հոգևորականների գործունեության, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման ու ազգային ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությունը չկատարելու արդյունքում առաջացած ճգնաժամի հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թվաքանակի սահմանման մասին նախագիծը։





























