Գերմանական Verdi արհմիությունը կոչ է արել երկրի խոշորագույն ավիափոխադրող Lufthansa-ի վերգետնյա անձնակազմին փետրվարի 20-ին գործադուլ անել յոթ օդանավակայանում, հայտնում է Associated Press-ը։
Գործադուլը կտևի մեկ օր և կներառի Բեռլինի, Մյունխենի, Մայնի Ֆրանկֆուրտի, Դյուսելդորֆի, Համբուրգի, Քյոլնի և Շտուտգարտի օդանավակայանները։ Այն կսկսվի փետրվարի 20-ին տեղական ժամանակով ժամը 4:00-ին և կտևի մինչև փետրվարի 21-ի ժամը 7:10-ը:
Փետրվարի սկզբին նմանատիպ գործադուլ տեղի ունեցավ Գերմանիայի հինգ օդանավակայանում, որի պատճառով հարյուրավոր չվերթներ չեղարկվեցին։
Արհմիությունը պահանջում է աշխատավարձի 12,5%-ով բարձրացում վերգետնյա անձնակազմի համար, կամ առնվազն 500 եվրո ամսական: Ընկերության հետ անցած շաբաթ բանակցություններն արդյունք չեն տվել։ Դրանց հաջորդ փուլը նախատեսված է փետրվարի 21-ին։





























