Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողն ամբողջ աշխարհից հետ է կանչում մոտ 250 հազար ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի դաշնային ավտոմոբիլային վարչությանը։
Գործակալության տվյալներով՝ խոսքը 2023 թվականին թողարկված AMG GT, C-Class, CLE, E-Class, EQE, EQS, GLC, S-Class եւ SL մոդելների մասին է։ Գերմանիայում, ամենայն հավանականությամբ, հետ կկանչվի ավելի քան 37 հազար ավտոմեքենա։ Ինչպես նշել են վարչությունից, պատճառն այն է, որ որոշ ապահովիչներ կարող են չհամապատասխանել պահանջներին։ Սա իր հերթին կարող է հանգեցնել շարժիչի խափանումների: Չի կարելի բացառել նաև հրդեհի վտանգը։
Mercedes-ի ներկայացուցիչը DPA-ին ասել է, որ որպես նախազգուշական միջոցառում նման ավտոմեքենաներում որոշ մասեր կփոխարինվեն:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























