Գերմանական Mercedes-AMG ընկերությունը ներկայացրել է բացառիկ CLE 646 Spezialanfertigung կուպեն՝ 637 ձիաուժ հզորությամբ նոր V8 շարժիչով, գրում է Autocar-ը։
Ավտոմեքենան լիաքարշակի փոխարեն ստացել է հետևի քարշակ, թեթևացված թափք և աերոդինամիկ տարրեր, որոնք նախատեսված են բարձր արագությունների և մրցուղում վարելու համար։ Ընկերությունը կթողարկի մոդելի ընդամենը 30 օրինակ, որոնք, Autocar-ի տվյալներով, արդեն վաճառվել են 750 հազարից մինչև 800 հազար եվրո գնով։

Կապոտի տակ տեղադրված է չորս լիտրանոց V8 շարժիչ՝ կրկնակի տուրբոմղմամբ և հարթ ծնկաձև լիսեռով։ Այն զարգացնում է 627 ֆունտ-ֆուտ ոլորող մոմենտ։ Դրա հետ համակցված է իննաստիճան ավտոմատ փոխանցման տուփը։ Մինչև 100 կմ/ժ արագացումը տևում է 3,9 վայրկյան, իսկ մինչև 200 կմ/ժ՝ 11,4 վայրկյան։
Կուպեի թափքն ավելի լայն է դարձել, կապոտն ու թևերը պատրաստված են ածխապլաստիկից, իսկ մեծացված օդամուտքերն օգնում են հովացնել շարժիչը։ Հետևի մեծ հակաթևն ու հատակի տակ տեղադրված հատուկ տարրերն օգնում են ավտոմեքենան սեղմել ճանապարհին։ Մոտ 311 կմ/ժ արագության դեպքում դրանք անիվների վրա ստեղծում են ավելի քան 250 կգ-ին համարժեք լրացուցիչ բեռնվածություն՝ բարելավելով մեքենայի կայունությունը։ CLE 53 մոդելի համեմատ՝ անիվների անվահետքը 60 մմ-ով ավելի լայն է, իսկ թափքն ավելի ցածր է տեղակայված ճանապարհի նկատմամբ, ինչն օգնում է ավտոմեքենային ավելի վստահ անցնել շրջադարձերը։

Սրահում հետևի նստատեղերի փոխարեն տեղադրված է պաշտպանիչ աղեղ, իսկ առջևում՝ սպորտային նստատեղեր։ Լրացուցիչ կարելի է պատվիրել վեցկետանոց ամրացմամբ անվտանգության գոտիներ։ Պոլիկարբոնատային ապակեպատման և այլ միջոցների շնորհիվ հաջողվել է զանգվածը CLE 53-ի համեմատ նվազեցնել մոտ 170 կգ-ով։ Այդուհանդերձ, ավտոմեքենան դեռ կշռում է 1895 կգ։

Գերմանական Իմենդինգեն քաղաքի փորձարկման ուղում անցկացված փորձարկումների ընթացքում մասնագետներն ընդգծել են ղեկային կառավարման ճշգրտությունը, ճանապարհի հետ կցման բարձր մակարդակն ու շրջադարձերում կայունությունը։ Հետևի քարշակը վարորդին թույլ է տալիս աքսելերատորի միջոցով վերահսկել շարժման հետագիծը, իսկ ածխակերամիկական արգելակներն ապահովում են արդյունավետ դանդաղեցում։
CLE 646-ը հայտնվել է AMG-ի հասցեին հնչող քննադատության ֆոնին՝ որոշ մոդելներում ավանդական V8 շարժիչներից հրաժարվելու և հիբրիդային ուժային համակարգերին նախապատվություն տալու պատճառով։





























