Հայաստանում առաջին անգամ կարելի կլինի իրական ժամանակում իրականացնել խաղային ինդուստրիայի ցանկացած ասպեկտի վերահսկում։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծի եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, փետրվարի 21-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա նշել է, որ օրենսդրությամբ պահանջվող բոլոր չափորոշիչները կդառնան ստուգելի։ «Նախագծի ընդունման դեպքում խաղային ոլորտի ընկերությունների շրջանառությունները, ինչպես նաեւ խաղադրույքների ծավալները կդառնան ստուգելի եւ վերահսկելի»,- ասել է ՊԵԿ ղեկավարը։

Կառանձնացվեն մոլախաղերի առանձին տեսակները։ Դրանց թվում են, մասնավորապես, տոտալիզատորները, բուկմեկերական գործունեությունը, այլ տեսակներ։ Բացի այդ, կորոշվեն խաղային ինդուստրիայի սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները։

Նրա խոսքով՝ տեխնիկական չափորոշիչների ներդրումը պարտադիր կլինի ճյուղի բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար։

Նախագծի շրջանակում նախատեսվում է ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ։ «Այն ենթադրում է ծրագրային ապահովման եւ կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի տվյալների շտեմարանի միացում խաղային ոլորտի կառավարման մոնիթորինգի կենտրոնին։ Այս բոլոր փոփոխությունները թույլ կտան ապահովել ոլորտի թափանցիկությունը, կազմակերպիչների չպարտադրվող վերահսկումը, ինչպես նաեւ տեղեկության ստացումը նրանց իրական շրջանառության մասին»,- պարզաբանել է պաշտոնյան։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ բացի գեմբլինգից եւ անհատական խաղերից, մնացած բոլոր խաղերը, որոնք շահույթ ունեն, ինչպես նաեւ մանկական խաղային ավտոմատները կհամարվեն «շահույթ ունեցող այլ խաղեր»։

Արտասահմանում ստեղծված մոլախաղերին մասնակցությունը եւ դրանց գովազդը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգելվեն օրենքով։

Սահմանափակումներ կմտցվեն նաեւ որոշակի խմբի անձանց նկատմամբ։ Օրինակ, նրանց նկատմամբ, ովքեր օգտվում են սոցիալական աջակցության ծրագրերից, որոնք ֆինանսավորում է պետությունը։ Սոցիալական բնակարան ստացող քաղաքացիները եւս կզրկվեն ժամանցի նման հնարավորությունից։