Թեեւ 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված է եղել, որ պետք է հավաքվեն 727 միլիարդ դրամի հարկային եկամուտներ, սակայն կառավարությունն ակնկալում է, որ տարվա վերջին այդ եկամուտները կլինեն ընդամենը 505 միլիարդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ լրագրողներին հայտնեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ընդգծելով, թե դա նշանակում է, որ այս տարի մոտ 200 միլիարդ դրամի եկամուտներ չեն հավաքվի:
Դա, փոխնախարարը պայմանավորեց ֆինանսական ճգնաժամով՝ հավելելով, թե հենց դա է պատճառը, որ 2010 թվականի բյուջեի նախագծում հարկային եկամուտները նախատեսվել են ընդամենը 533 միլաիդ դրամի չափով: Դա, ըստ նրա, կազմելու է ՀՆԱ-ի 16,7 տոկոսը:
«Այն քաղաքականությունը, որը վարել է կառավարությունը վերջին 7 տարում, ամեն տարի հարկային եկամուտներն ավելացնելով մոտ 3 տոկոսոսվ, դրվել է նաեւ 2010-ի պետական բյուջեի նախագծի հիմքում»,- ասաց նա՝ հիմք ընդունելով ոչ թե այս տարվա համար նախատեսված 727 միլիարդ դրամը, այլ սպասվող կատարողական 505 միլիարդ դրամ ցուցանիշը: Այսինքն ստացվում է, որ 2010 թվականին նախատեսվել են 27 տոկոսով ավելի քիչ հարկային եկամուտներ:



























