Բեռլինում ձերբակալել են գերմանական ձախակողմյան ահաբեկչական «Կարմիր բանակի ֆրակցիայի» (RAF) նախկին անդամ Դանիելա Կլետին։ Այս մասին փետրվարի 27-ին հայտնել է Ներքին Սաքսոնիա դաշնային նահանգի Վերդեն քաղաքի դատախազությունը։

65-ամյա կինը ձերբակալվել է փետրվարի 26-ին, ըստ դատախազ Կորայ Ֆրեյդենբերգի։ Նրա կալանավորման հանգամանքների մասին ավելի մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում։

Ինչպես dpa-ին պատմել է Կլետի հարեւանը, RAF-ի նախկին ահաբեկիչն ապրում էր Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում՝ Կլաուդիա կեղծ անունով։ Ապրուստ վաստակելու համար նա մաթեմատիկայի մասնավոր դասեր էր տալիս։

Գերմանական իշխանությունները Կլետին և նրա երկու համախոհներին՝ Բուրկհարդ Գարվեգին և Էռնստ-Վոլկեր Ստաուբին մեղադրում են սպանության փորձի և մի շարք լուրջ կողոպուտների մեջ՝ 1999-2016 թվականներին։ Նախկին ահաբեկիչները հետախուզվում էին արդեն մի քանի տասնամյակ։

RAF-ը պատասխանատու էր 33 սպանությունների համար՝ 1970-ականներից մինչև 1990-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածում: 1977 թվականին կազմակերպությունը սպանել է Գերմանիայի գլխավոր դատախազ Զիգֆրիդ Բուբակին։ 12 տարի անց Deutsche Bank-ի այն ժամանակվա ղեկավար Ալֆրեդ Հերհաուզենը զոհվեց պայթյունի հետևանքով։

Ահաբեկչական խմբավորումը պաշտոնապես լուծարվել է 1998 թվականին և այլևս ակտիվ չի եղել։