Հայաստանի ադամանդագործական արդյունաբերության տարեկան ծավալը կարելի է հասցնել 150-200 միլիոն դոլարի, NEWS.am -ի թղթակցին հայտնել է հայկական «DCA» ոսկերչական ընկերության սեփականատեր Գագիկ Աբրահամյանը:
«Հայաստանի ոսկերչական ձեռնարկությունների ներկայիս ծանրաբեռնվածությունը լիարժեք չէ: Հայաստանը, կարծում եմ, տարեկան 150-200 մլն դոլարի ադամանդ կարող է մշակել», - կարծում է Գ. Աբրահամյանը:
Սրանից ելնելով, նշեց նա, ցանկալի է բարձրացնել ռուսական «ԱԼՌՈՍԱ» պետական ընկերության քվոտան. «Ես հանդիպել եմ «ԱԼՌՈՍԱ»-ի ներկայացուցիչների հետ Երեւանում եւ Մոսկվայում: Ընդհանուր առմամբ, նրանք համաձայնեցին քվոտան մեծացնելու գաղափարին», - ասաց Գ. Աբրահամյանը:
«Շատ բան կախված է մեր կադրային ռեսուրսներից: Այսպես, նախորդ տարի մենք խնդիրներ ունեցանք ադամանդագործների պակասի պատճառով, որոնցից շատերը նախորդ տարիների ընթացքում կամ արտագաղթել էին, կամ թոշակի անցել: Դա շատ յուրահատուկ մասնագիտություն է, այդ պատճառով պետք է պահպանել կադրերի որոշակի քանակ: Բարեբախտաբար, վերջին տարիներին իրավիճակը շտկվում է, ընկերությունները ներսում սկսում են նոր վարպետներ պատրաստել` պահպանելով մշակման ավանդույթները», – նշեց Գ. Աբրահամյանը:
Ներկայումս Հայաստանում 10-12 ադամանդագործական ընկերություն կա, ոսկերչական արդյունաբերության ծավալը 2011թ. հունվար-հունիս ժամանակահատվածում կազմել է շուրջ 4,75 մլրդ դրամ (մոտ 13 մլն դոլար):
Ադամանդի հիմնական մասը Հայաստան ներմուծվում է կտրելու եւ արտահանման համար: Մեծ մասը բերվում է Ռուսաստանից: Դրանք ներմուծելու քվոտան, որը համաձայնեցվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ «ԱԼՌՈՍԱ»-ի միջեւ, 2011թ. կազմել է 30 մլն դոլար:



























