Պաղեստինյան անկախ պետության ստեղծումն անխուսափելի է, և երկու պետությունների սկզբունքն անպայման կիրականանա։ Կահիրեում անցկացված հանդիպման ժամանակ նման վստահություն են հայտնել արաբական երկրների արտգործնախարարները:

«Հանդիպման մասնակիցները հաստատել են, որ երկու պետությունների սկզբունքի իրականացումը և Պաղեստինի անկախ պետության ստեղծումը անխուսափելիորեն տեղի կունենան՝ կենտրոնանալով այս համատեքստում ներկայացված առաջարկների, մասնավորապես՝ արաբական խաղաղ նախաձեռնության վրա», - ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի՝ հանդիպումից հետո տարածած հայտարարությունում։

Կահիրեում բանակցություններին Եգիպտոսի արտգործնախարարից բացի մասնակցել են Հորդանանի, Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները, Կատարի վարչապետն ու արտգործնախարարը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների՝ միջազգային համագործակցության հարցերով պետնախարարը և Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղարը։