Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը 2017 թվականին տարածաշրջանի անկախության ապօրինի հանրաքվեից հետո փախել էր Իսպանիայից, հայտարարել է, որ առաջադրվելու է Կատալոնիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Մարզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակված մայիսի 12-ին:
«Իսպանական պետությունը հալածանքներ է սկսել՝ նպատակ ունենալով պատժել կատալոնացիներին։ Ես որոշել եմ որպես թեկնածու հանդես գալ Կատալոնիայի խորհրդարանի հաջորդ ընտրություններում»,- Էլնայում (Ֆրանսիա) տեղի ունեցած հատուկ համաժողովում լրագրողներին ասել է «Միասին հանուն Կատալոնիայի» անջատողական կուսակցության առաջնորդ Պուչդեմոնը:
Հենց Էլնայում տպագրվեցին 2017 թվականի Կատալոնիայի անկախության հանրաքվեի միլիոնավոր քվեաթերթիկները։
Իսպանիայում Կատալոնիայի անկախության հանրաքվե կազմակերպելու գործով Պուչդեմոնի նկատմամբ կալանավորման կարգադրություն կա։ Թագավորության խորհրդարանը ներկայում քննարկում է անջատողական գործընթացում ներգրավված անձանց համաներման օրինագիծը։
Եվրախորհրդարանի անդամ քաղաքական գործիչը Իսպանիայից անջատվելու հարցով հանրաքվեի ժամանակ գլխավորել է շրջանի կառավարությունը։ Շատ չանցած նա փախել է Բելգիա։ Թագավորության դատական իշխանությունները նրան արտահանձնելու անհաջող փորձեր են արել:





























