Միջխորհրդարանական միությունը (ՄԽՄ) մարտի 22-ին ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պատվիրակություններին ՄԽՄ 148-րդ վեհաժողովից առաջ, որը տեղի կունենա մարտի 23-27-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում։
ՄԽՄ-ի նախագահ Թուլիա Աքսոնը և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահներ Սահիբա Գաֆարովայի և Ալեն Սիմոնյանի հետ։ Դրա մասին հայտնում է ՄԽՄ մամուլի ծառայությունը։
Աքսոնը և Չունգոնգը ՄԽՄ-ի կենտրոնակայանում ողջունել են Սիմոնյանի գլխավորած հայկական և Գաֆարովայի գլխավորած ադրբեջանական պատվիրակություններին։
Հանդիպումը խորհրդարանական մակարդակով լրացում և ներդրում էր երկու կողմերի միջև կառավարական խաղաղ բանակցություններում:
Խորհրդարանականները՝ որպես ժողովրդի ներկայացուցիչներ, առանցքային դեր ունեն լարվածության նվազեցման և վստահության ամրապնդման, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրի վավերացման և իրականացման գործում:
Միջխորհրդարանական միությունը երկու կողմին առաջարկել է իր բարի ծառայությունները՝ երկխոսություն զարգացնելու, բարիդրացիական հարաբերություններ կառուցելու և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ճանապարհ հարթելու համար:
Այս հանդիպումը հաջորդել է ՄԽՄ-ի գլխավոր քարտուղարի՝ 2024 թվականի փետրվարին Հայաստան և Ադրբեջան առաքելությանը, որի ընթացքում նա ամենաբարձր մակարդակով հանդիպել է իշխանությունների հետ և որոշ հիմքեր դրել այսօրվա քննարկումների համար։
Միջխորհրդարանական միությունը նաև փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Հայաստանի հետ, որը կհյուրընկալի ՄԽՄ Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովը 2024 թվականի սեպտեմբերին, ինչպես նաև՝ Ադրբեջանի հետ՝ որպես Չմիացած երկրների շարժման խորհրդարանական ցանցի նախագահի։





























