Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը սպառնացել է հեռանալ կառավարությունից և կոալիցիայից, եթե վարչապետ Բենիամին Նաթանյահուն ուլտրաուղղափառ հրեաներին   ազատի զինվորական ծառայությունից, գրում է Times of Israel-ը։

Նաթանյահուի օրինագծի նախագիծը «կարմիր գիծ» անվանելով՝ Գանցը հայտարարել է, որ իր «Ազգային միասնություն» կուսակցությունը չի կարողանա մնալ կոալիցիայում, եթե այդ օրենքն ընդունվի:

«Ժողովուրդը չի կարողանա համակերպվել դրա հետ, Քնեսեթը չի կարողանա կողմ քվեարկել, և ես ու իմ ընկերները չենք կարողանա արտակարգ կառավարության անդամ լինել, եթե նման օրենքն անցնի Քնեսեթով և ներառնվի  Իսրայել  պետության օրենքների մեջ, ինչը ընդհանուր առմամբ  կվնասի պետության միասնությանն ու անվտանգությանը», և  պատերազմի ժամանակ մասնավորապես»,- ասել է Գանցն իր տեսաուղերձում։

«Ես կոչ եմ անում «Լիկուդ» կուսակցության նախարարներին և Քնեսեթի անդամներին արտահայտվել», - ավելացրել է նա՝ հայտարարելով, որ նման օրենքը  «արժեքների լուրջ ձախողում է, որը կհանգեցնի լուրջ սոցիալական պառակտումների պատերազմի ժամանակ, երբ իսրայելական հասարակությունը պետք է միասնական մնա»։