Բուլղարիայի մաքսավորները Էկվադորից բանան տեղափոխող նավից առգրավել են մոտ 170 կիլոգրամ կոկաին, ըստ Associated Press ի՝ հայտնել են տեղի դատախազները։ 

Շրջանային դատախազ Գեորգի Չինևը նշել է, որ թմրանյութը թաքցված է եղել «Մեդիսոն 2» բեռնատար նավում՝ մրգով լի տարայի մեջ, որը կանգ է առել Մալթայում: Նա կոկաինը գնահատել է 6,2 միլիոն եվրո։

Ըստ մաքսային գործակալության ղեկավար Պետա Բանկովայի՝ սա Բուրգասի նավահանգստում թմրանյութերի ամենամեծ առգրավումն է։

Բանկովան հայտնել է, որ թմրանյութը թաքցված է եղել մրգի տարաներից մեկում՝ 150 փաթեթում։ Բեռը բեռնաթափելուց հետո նավը լքել է նավահանգիստը։

Ենթադրյալ կոկաին ստացողների նկատմամբ հետաքննություն է սկսվել: Նրանց կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։