Չնայած վրա հասած աղետներին՝ մենք չենք հուսահատվում, մենք պատրաստ ենք հաղթահարել գոյություն ունեցող մարտահրավերները։ Այս մասին «Հայաստանը որպես քաղաքակրթության խաչմերուկ. պատմամշակութային կապեր» գիտաժողովում մարտի 28-ին ասել է ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը։

Նա նշել է, որ Հայաստանը ոչ միայն լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների վկան է, այլեւ ուղիղ իր վրա է զգում դրանց ազդեցությունը։ Նրա խոսքով՝ պատմության մեջ լուրջ փոփոխությունները միշտ ստեղծում են ինչպես մեծ ռիսկեր, այնպես էլ մեծ հնարավորություններ, ուստի փոփոխությունները պահանջում են խորքային վերլուծություն։ «Աշխարհաքաղաքական փոփոխություններով, աշխարհագրական դիրքով եւ պատմությամբ պայմանավորված հնարավորությունները Հայաստանին թույլ են տալիս ներկայանալ որպես  առեւտրատնտեսական, լոգիստիկ եւ էներգետիկ խաչմերուկ հյուսիսի եւ հարավի, ինչպես նաեւ արեւմուտքի եւ արեւելքի միջեւ»,- նշել է Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ այդ գործոնները կարող են Հայաստանը վերածել տարածաշրջանային խաղացողի եւ ամրապնդել նրա սուբյեկտայնությունը։ «Մեր պատմության եւ մշակույթի նշանակալիության անբավարար իմաստավորումը հանգեցնում է այն բանին, որ մյուսներն ի հաշիվ մեր թողած ժառանգության կառուցում են իրենց ինքնությունը՝ կեղծելով եւ ոչնչացնելով մեր ժառանգությունը։ Դա պետք է դիտարկել հիբրիդային պատերազմի համատեքստում, որը վարվում է մեր դեմ»,- ընդգծել է պաշտոնյան։