Մոսկվայի հայկական եկեղեցու ծխական Կարեն Ենգիբարյանը հասել է այրվող «Կրոկուս» համերգասրահ՝ ընդառաջելով ընկերոջ խնդրանքին, իր բաճկոնը տվել է փողոցում գտնվող մի տղամարդու, մտել շենք և օգնել մարդկանց տարհանելուն: Դրա մասին РИА Новости-ին ՌԻԱ Նովոստի հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի սպասավոր Հովհաննես Մինասյանը:
«Ահաբեկչությունից հետո ընկերը զանգահարում է նրան, ասում, որ մայրն այնտեղ է և օգնություն խնդրում: Ընկերոջ մայրը, ցավոք, մահացավ, և երեկ նրան հուղարկավորել են։
Երբ Կարենը հասել է «Կրոկուս», նա սկսել է օգնել բոլորին՝ ըստ իրավիճակի. նա իր բաճկոնը տվել է մի մարդու, որը ցրտահարվել էր դրսում, և շտապել է շենքի ներս՝ օգնելով մարդկանց դուրս գալ տարածքից:
Նա երկար է մնացել այնտեղ, որտեղ արդեն հրդեհ էր բռնկվել և լիքը ծուխ է շնչել։ Իսկ երբ դուրս է եկել առանց բաճկոնի, մրսել է»,- պատմել է Մինասյանը։
Նա նշել է, որ երբ Կարենը հասել է տուն, ինքնազգացողությունը վատացել է, իսկ հաջորդ օրը կինը շտապօգնություն է կանչել։
«Կարենը մահացել է հիվանդանոցում։ Բժիշկներն ասել են, որ դա տեղի է ունեցել հրդեհի ծուխը շնչելու և մրսածության հետևանքով առաջացած տկարության պատճառով:
35 տարեկան էր, այնքան բարեկիրթ մարդ էր, մի քիչ թմբլիկ, կատակել էր սիրում, ընկերախմբի հոգին էր, շատ համեստ էր»,- հիշում է Հովհաննեսը։
Նա հավելել է, որ Կարենը եղել է Օլիմպիական պողոտայի հայկական տաճարի ծխական, ինչպես նաև տաճարում գործող Հայ երիտասարդական միության անդամ։
«Նա ամուսնացավ եկեղեցու ծխականի հետ, աղջիկը նույնպես երիտասարդաց միության անդամ էր։ Երջանիկ զույգ էին, շատ էին սիրում միմյանց։ Վերջերս ամուսնացան, չհասցրին անգամ երեխաներին ունենալ»,- հավելել է Հովհաննեսը։
«Կարենն առաջնորդվեց սրտի կանչով: Մարդիկ օգնության կարիք ունեին: Տեսավ, որ ողբերգություն է կատարվում, որտեղ լիքը երեխաներ ու կանայք են։ Որպես տղամարդ, նա բնականաբար իր պարտքն է համարել կանանց ու երեխաներին օգնել փախչել»,- եզրափակել է գործակալության զրուցակիցը։
Թեմից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ մարտի 30-ին՝ 11.00-ին, Օլիմպիական պողոտայի 9 հասցեի հայկական տաճարում, հուղարկավորությունը կանցկացվի Խիմկիի գերեզմանատանը։





























