Ուկրաինայի իշխանությունները քննարկում են վրացի «օրենքով գող» Գեորգի Խմելիձեին երկրից վտարելու հարցը: Ըստ News Georgia-ի՝ դրա մասին հայտնել է Ազգային ոստիկանությունը։

«Խմելո» մականունով 63-ամյա քրեական հեղինակությունը համարվում է Ռուսթավիի հանցավոր կլանի առաջնորդ և ամենաազդեցիկ օրենքով գողը հետխորհրդային տարածքում։ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել են անհատական պատժամիջոցներ։

2024 թվականի մարտին Վրաստանի քաղաքացին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից։ Ոստիկանությունը տվյալներ է հավաքել քաղաքացիությունը կեղծ հիմքերով ստանալու մասին։ Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները «օրենքով գողին» բերման են ենթարկել Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայություն, որտեղ նրա նկատմամբ Ուկրաինայում գտնվելու կանոնները խախտելու վերաբերյալ արձանագրություն է կազմվել։

Խմելիձեն պահվում է օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կացարանում։ Նրան երկրի տարածքից արտաքսելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պատժամիջոցային ցուցակներում Վրաստանից այլ օրենքով գողեր ևս կան։ Նրանց մի մասին Ուկրաինայից վտարել են հայրենիք, քանի որ Վրաստանի քաղաքացիություն ունեն։