Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվում է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թեկնածություն առաջադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանին ուղղված նամակով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը տվել է հետեւյալ պարզաբանումը. «Նիկոլ Վովայի Փաշինյանին տեղեկանք չի տրամադրվում, քանի որ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը 26.02.2008 թվականից մինչեւ 07.07.2009 թվականը գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»:

Այս առնչությամբ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ դա ապօրինություն է, քանի որ ոստիկանությունը նախ պետք է փաստի, որ Նիկոլ Փաշինյանը հանրապետությունում չի բնակվել: «Այն, որ Ն. Փաշինյանը գտնվել է հետախուզման մեջ, դեռ չի նշանակում,որ նա հանրապետությունից դուրս է գտնվել»,- ասաց նա ու հավելեց, որ նման բան հայտարարելու համար ոստիկանությունը կամ պետք է Ն. Փաշինյանի անձնագրում ցույց տա ելքի եւ մուտքի կնիքները, որոնք չկան, կամ եթե կարծում են, որ նա ապօրինի է հատել սահմանը, ապա նրա նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի նաեւ այդ մեղադրանքով: Իսկ քանի որ դրանցից ոչ մեկը չկա, ապա ստացվում է, որ ոստիկանության քայլն ամբողջությամբ ապօրինի է: Լ. Սահակյանը նշեց նաեւ, որ ոստիկանության տրամադրած գրության մեջ նշվում է, որ Ն. Փաշինյանը Հայաստանում չի գտնվել 2008-ի փետրվարի 26-ից, այնինչ այդ ժամանակ մինչեւ մարտի 1-ը նա եղել է Ազատության հրապարակում եւ վարել ընդդիմության հանրահավաքները:

Նկատենք, որ նույն 10-րդ ընտրատարածքում առաջադրվել է նաեւ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, («Խուճուճ Էդո»), ով նույնպես 2 տարուց ավելի գտնվել է հետախուզման մեջ եւ վերջերս է վերադարձել Հայաստան, սակայն նրա դեպքում նման խնդիր կարծես չի առաջանում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: