Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն իր պաշտոնանկության մասին լսել է միայն լրատվամիջոցներից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ոչ մի պաշտոնատար այր իրեն չի կանչել եւ չի ասել սպասվելիք պաշտոնանկության մասին: «Ոչ մեկը ինձ հետ նման խոսակցություններ չի քննարկել»,- նշեց Էդիկ Բարսեղյանը: Հարցին, թե ղեկավարությունը գոհ է ձեր աշխատանքից, նա խորհուրդ տվեց այդ մասին  հարցնել ղեկավարությանը: Ինչ վերաբերում է ըստ լրատվամիջոցների նրա պաշտոնին հավակնողին` Հայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին, ապա նա հերքեց, թե ասել է` «ով է էդ Անդոն. ես նրան «կատոկ» կանեմ»: եւ դրանք որակեց անլուրջ խոսակցություններ: Էդիկ Բարսեղյանը ճանաչում է Անդրանիկ Նիկողոսյանին. «Գիտեմ, որ Արտաշատի համայնքներում է բնակվում, նորմալ մարդ է»,- նշեց նա` հավելելով, որ ինքը Անդրանիկ Նիկողոսյանի հետ որեւէ կոնֆլիկտ չի ունեցել եւ չի էլ ունենա: Մեզ չհաջողվեց կապվել Անդրանիկ Նիկողոսյանի հետ, քանի որ նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Նշենք, որ վերջերս մամուլում, ի թիվս այլ պաշտոնանկությունների, շրջանառվում էր նաեւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի անունը: Ըստ տեղեկությունների` նրա աթոռին աչք ունի մեդիա-մագնատ, Հայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, որը ծնունդով Արարատից է: «Ո՞վ է Անդոն, ես նրան «կատոկ» կանեմ, ո՞վ ա նրան ճանաչում»,- զայրացած ասել է Արարատի մարզպետը ու հայտարարել, որ ինքը դեռ շարունակելու է աշխատել: Իսկ երբ Բարսեղյանի «մեսիջը» հասցրել են մարզպետացուին, նա, ասում են, զարմացել է Բարսեղյանի «կարճ հիշողության» վրա եւ ասել. «Ստարոստ նե ռադոստ»: