Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն է տվել օրենքին, որը վերացնում է խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակներում կանանց քվոտաները։ Արագացված կարգով քվեարկության արդյունքներով՝ անհրաժեշտ 76 ձայն քվոտայով ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ է քվեարկել 85, դեմ՝ 22 պատգամավոր։ Օրինագիծը նախաձեռնել է ընդդիմադիր «Գիրչի» քաղաքական խումբը։

Ըստ ընտրական օրենսգրքի գործող հոդվածի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կուսակցական ցուցակներում պատգամավորի առնվազն յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն պետք է կին լինի։ Նախաձեռնող խմբի համոզմամբ՝ Վրաստանում կանայք քաղաքական կարիերայում որևէ խոչընդոտ չեն ունենում, ուստի նրանց համար հատուկ քվոտայի պահանջ չկա։ Իսկ օրենսդրության մեջ քվոտայի փաստը վկայում է, որ իբր երկրում կանայք ճնշված են։

Օրենքը խորհրդարանի անդամների կողմից հաստատվելուց հետո կուղարկվի Վրաստանի նախագահին՝ ստորագրման համար։