Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում արած հայտարարության մեջ նշել է, որ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից վեց ամիս է անցել և Իսրայելի քաղաքացիներին միասնության կոչ է արել, հաղորդում է Times of Israel-ը:
«Ես հասկացրել եմ միջազգային հանրությանը. առանց պատանդների վերադարձի հրադադար չի լինի։ Դա պարզապես տեղի չի ունենա», - ասել է Նաթանյահուն:
«Սա է Իսրայելի կառավարության քաղաքականությունը, և ես ողջունում եմ այն փաստը, որ Բայդենի վարչակազմը օրերս հստակեցրեց, որ նախկինի պես դա նաև իր դիրքորոշումն է», - հավելել է նա:
Անդրադառնալով ժամանակավոր զինադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ ընթացող բանակցություններին՝ Նաթանյահուն ասել է, որ «գործարքի կնքման խոչընդոտը Իսրայելը չէ։
ՀԱՄԱՍ-ն է, որ խոչընդոտում է գործարքի կնքմանը»:
«Նրա ծայրահեղ պահանջներն ուղղված են պատերազմը դադարեցնելուն և իրեն անձեռնմխելի թողնելուն։ Որպեսզի ապահովի իր գոյատևումը, իր վերականգնումը, մեր քաղաքացիներին և մեր զինվորներին վտանգի ենթարկելու իր կարողությունը: ՀԱՄԱՍ-ի պահանջներին տրվելը թույլ կտա նրան կրկին ու կրկին փորձել կրկնել հոկտեմբերի 7-ի հանցագործությունները, ինչպեսև խոստացել է»,- ասել է Նաթանյահուն։





























