Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խստորեն դատապարտել է հղիության ընդհատումը, փոխնակ մայրությունը և սեռափոխությունը:

Հղիության ընդհատումը ոչ այլ ինչ է, քան «ամենաանպաշտպանների և անմեղների» մարդկային արժանապատվության զրկում: Դրա մասին ասել է Ֆրանցիսկոսը երկուշաբթի՝ ապրիլի 8-ին հրապարակված նոր ծրագրային հայտարարության մեջ, որը վերնագրված է «Dignitas infinita» (լատիներենից թարգմանաբար՝ «Անսահման արժանապատվություն»):

Փաստաթղթում ընդգծվում է, որ մարդը, նույնիսկ չծնվածը, սուրբ է և անձեռնմխելի, և դա վերաբերում է նրա զարգացման ցանկացած իրավիճակին և փուլին։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նմանատիպ պնդումներ է արել նաև փոխնակ մայրության վերաբերյալ։

Պապի կարծիքով՝ երբ կինը շահույթ ստանալու նպատակով երեխա է կրում իր մեջ, երեխան դառնում է «միայն օբյեկտ», ոտնահարվում է նաև կնոջ արժանապատվությունը։

Երեխա ունենալու օրինական ցանկությունը չի կարող վերածվել երեխա ունենալու իրավունքի, շեշտել է Ֆրանցիսկոսը:

Քահանայապետը նաև դեմ է արտահայտվել սեռափոխությանը և կանանց ու տղամարդկանց միջև սեռային տարբերությունը վերացնող «գենդերային տեսությանը»՝ դրանք Աստծու կողմից տրված մարդկային արժանապատվության լրջագույն խախտումներ անվանելով։

«Սեփական ճակատագիրը տնօրինելու ցանկությունը ոչ այլ ինչ է, քան ենթարկվել մարդու՝ իրեն Աստված դարձնելու հավերժական գայթակղությանը», - ասված է հայտարարության մեջ։

Հռոմի պապը նշել է, որ մարդը պետք է ընդունի ու հարգի իր մարմինն այնպիսին, ինչպիսին այն արարվել է, իսկ սեռը փոխելը սպառնում է յուրահատուկ մարդկային արժանապատվությանը, որով բեղմնավորման պահից օժտված է յուրաքանչյուր ոք։

Ֆրանցիսկոսը, միաժամանակ, մարդու սեռական կողմնորոշման պատճառով նրան հալածելը, խոշտանգելը և սպանելն անվանել է մարդկային արժանապատվության ոտնահարում։

Հռոմի պապը կանանց նկատմամբ բռնությունը մեծագույն ամոթ է անվանել։

Փաստաթղթում ընդգծվում է, որ պետք է հարգել յուրաքանչյուր մարդու՝ չոտնահարելով նրա արժանապատվությունը։ Նրանում նաև դատապարտվում են պատերազմը, նորգաղթյալների նկատմամբ բռնությունները, մարդկանց թրաֆիքինգն ու կանանց նկատմամբ բռնությունները։

«Dignitas infinita»-ի 25 էջանոց քաղաքական հայտարարությունը մի քանի տարվա ընթացքում պատրաստել է Հավատի վարդապետության Դիքաստերիայի պրեֆեկտ, արգենտինացի կարդինալ Վիկտոր Մարուել Ֆերնանդեսը: Այնուհետև Ֆրանցիսկոսը հաստատել է այն:

87-ամյա Ֆրանցիսկոսը հղիության արհեստական ​​ընդհատման անզիջում հակառակորդ է։ Մինչդեռ 2015-ին, այսպես կոչված «Գթասրտության սուրբ տարվա» շրջանակում, նա բոլոր քահանաներին թույլ տվեց թողության տալ հղիությունն ընդհատած կանանց:

Սուրբ Աթոռի ղեկավարը նախկինում բազմիցս քննադատել է փոխնակ մայրության պրակտիկան և պահանջել դրա արգելքն ամբողջ աշխարհում։

Փոխնակ մայրությունը, ինչպես նաև այս ոլորտում միջնորդությունը, արգելված են Գերմանիայում և շատ այլ երկրներում: Մի շարք երկրներում փոխնակ մայրերի ծառայությունները թույլատրվում են միայն որոշակի պայմաններով։