ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի ասել է, որ դիտարկում է Ավստրալիայի խնդրանքը՝ դադարեցնելու WikiLeaks-ի հիմնադիր, բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր հրապարակած Ջուլիան Ասանժի հետապնդումը:

Ըստ Reuters-ի՝ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը փետրվարին պաշտպանել է 52-ամյա Ասանժին Ավստրալիա վերադարձնելու վերաբերյալ խորհրդարանի ստորին պալատի առաջարկը։

ԱՄՆ իշխանությունները ցանկանում են, որ Մեծ Բրիտանիան Ասանժին արտահանձնի ԱՄՆ, որտեղ նա հետախուզվում է քրեական մեղադրանքով։

«Մենք դիտարկում ենք այս հարցը», - ասել է Բայդենը՝ ի պատասխան Ավստրալիայի՝ Ասանժի հետապնդումը դադարեցնելու խնդրանքին ԱՄՆ վերաբերմունքի մասին լրագրողի հարցին:

X-ի միկրոբլոգում Բայդենին ուղղված գրառման մեջ Ասանժի կինը գրել է. «Ճիշտ վարվեք: Հանե՛ք մեղադրանքները»։

Ասանժի արտահանձնումը կասեցվեց մարտին, երբ Լոնդոնի Գերագույն դատարանը վճռեց, որ Միացյալ Նահանգները պետք է երաշխիքներ տա նրան մահապատժի չենթարկելու մասին:

WikiLeaks-ի կողմից ԱՄՆ ռազմական գաղտնի փաստաթղթերի և դիվանագիտական ​​հեռագրերի հրապարակման համար ամերիկյան դատախազները ցանկանում են Ասանժին դատել 18 հոդվածներով, չհաշված Լրտեսության մասին օրենքը:

Երբ անցյալ տարի Բրիտանիան հավանություն տվեց նրա արտահանձնմանը, Ասանժի փաստաբանները փետրվարին անգլիական դատարաններում որոշումը վիճարկելու վերջին փորձը ձեռնարկեցին: