ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չորեքշաբթի հայտարարել են համատեղ ռազմական համագործակցության ընդլայնման և հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի մասին՝ ամրապնդելով իրենց դաշինքը «Չինաստանի և Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների լույսի ներքո»: Դրա մասին հայտնել է Reuters-ը։
«Սա մեր դաշինքի ամենակարևոր նորացումն է նրա ստեղծման օրվանից»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում մոտ երկու ժամ տևած անկայուն Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Ուկրաինայի և Գազայի հատվածի հակամարտության վերաբերյալ բանակցություններից հետո։
Կիսիդան նշել է, որ երկու առաջնորդները քննարկել են նաև Թայվանի և Չինաստանի միջև լարված հարաբերությունները և խոստացել են պահպանել օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային կարգը:
«Ստատուս քվոն ուժի կամ հարկադրանքի միջոցով փոխելու միակողմանի փորձերը լիովին անընդունելի են, որտեղ էլ որ դրանք լինեն»,- ասել է Կիսիդան: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Ճապոնիան կշարունակեն արձագանքել նման գործողություններին, դրանց թվում՝ Չինաստանի մարտահրավերներին։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիային... Ներկայիս Ուկրաինան կարող է դառնալ վաղվա Արևելյան Ասիա»,- ասել է Կիսիդան:
Բայդենը շեշտել է, որ իրենց զինվորականները միասին կաշխատեն համատեղ հրամանատարական կառույցի ներքո և Ավստրալիայի հետ հակաօդային պաշտպանության նոր համակարգ մշակելու ուղղությամբ: Երկու երկրների ղեկավարները հայտարարել են նաև, որ ճապոնացի տիեզերագնացները մասնակցելու են դեպի Լուսին ՆԱՍԱ-ի առաքելություններին։
Հինգշաբթի Կիսիդան ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում և կմիանա Բայդենի և Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ հանդիպմանը, որը, ակնկալվում է՝ կկենտրոնանա Հարավչինական ծով Պեկինի ներխուժումների վրա:





























