Վրաստանի եւ Ռուսաստանի հարբերությունները վերջին ժամանակներս փակուղի են մտել, եւ բացառված չէ, որ կողմերը մոտ ապագայում կվերանայեն իրենց դիրքերը եւ կփորձեն ինչ-որ կերպ հարթել շփումները. այդ համատեքստում «Վերին Լարս»-ի բացումը կարող է առաջին քայլը դառնալ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

«Իհարկե, անցակետի բացումը հաղորդակցման եւ տնտեսական առումներով ձեռնտու է առաջին հերթին Հայաստանին, քանի որ այդ ցամաքային ճանապարհը միակն է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»,-նշել է պատգամավորը։

Նշենք, որ օրերս այս հարցի առնչությամբ Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ Երեւանում քննարկումներ են տեղի ունեցել։ Այս քննարկումներին Հայաստանը միջնորդի դերում է հանդես գալիս։ Համաձայն ռուսական ԶԼՄ-ների՝ Վրաստանը անցակետի բացումը պայմանավորում է վրացական ապրանքների վրայից ռուսական բեռնարգելքի վերացմամբ, Ռուսաստանն էլ, իր հերթին, մերժում է նմանօրինակ նախապայմանների առկայությունը։