Եթե ընտրություններն արդար են եւ թափանցիկ, ապա արդյունքները կարող են տարբեր լինել: Այդ մասին նոյեմբերի 14-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով հանրապետական Վարուժան Ներսիսյանի պարտությունը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի հաղթանակը Իջեւանի քաղաքապետի ընտրություններում:
«Հաղթանակ կտանի այն թիմը, որը լավ է աշխատում: Ես շուտափույթ գնահատականներ չեմ տա, քանի որ ընտրության արդյունքները դեռ չեն ամփոփվել: Ցանկանում եմ հիշեցնել, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները երկրի համայնքների վարչակազմի ղեկավարների 70 տոկոսն են կազմում, եւ պարզ է, որ մյուս ուժերը պետք է մրցակցեն նրանց հետ: Ես չեմ բացառում, որ նորմալ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման դեպքում կարող է այլ ելք լինել»,-ասել է Սահակյանը:
Պատգամավորն ընդգծել է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է կենտրոնանան նորմալ եւ արդար ընտրությունների անցկացման վրա:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի քաղաքապետի ընտրությունները ավարտվել են ԲՀԿ-ական թեկնածու, ավագանու անդամ 38-ամյա Վարդան Ղալումյանի հաղթանակով:
ՀՀԿ-ական թեկնածու, 12 տարի գործող քաղաքապետ, 49-ամյա Վարուժան Ներսիսյանը պարտվել է մոտ 1652 ձայնով: Ըստ այդմ, ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8712 մարդ` ընտրողների 62.8 տոկոսը: Վարդան Ղալումյանն ստացել է 5044 քվե, Վարուժան Ներսիսյանը` 3406:
Նշենք, որ ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների միջեւ ընտրությունն անցել է բավականին լարված: ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանին սատարելու համար Աբովյանից ու Երեւանից Իջեւան են եկել մի քանի խմբեր:




























