«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները երկուշաբթի երեկոյան փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան։ Այսօր հանրահավաքներ ու պիկետներ են տեղի ունենում նաև Բաթումիում, Զուգդիդիում և Ախալցխայում:
Վրաստանի խորհրդարանն այսօր կրկին սկսել է քննարկել օրինագիծը, որից իշխող կուսակցությունը ստիպված էր հրաժարվել անցյալ տարի՝ զանգվածային բողոքի ակցիաների ճնշմամբ: Բայց հազարավոր մարդիկ նորից դուրս են եկել հանրահավաքների։ Ռուսթավելի պողոտան՝ Խորհրդարանի դիմաց, լեփ-լեցուն է:
Ըստ «Новости-Грузия»-ի՝ խորհրդարանի շենքի դիմաց տեղակայվել են հատուկ ջոկատայիններ՝ ջրցան մեքենաներով և ոստիկաններ։ Վրաստանի ՆԳՆ-ն զգուշացրել է, որ միջոցներ կձեռնարկի խաղաղ հավաքների իրավունքի մասին օրենքը խախտելու դեպքում։
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ կընդունի օրենքը՝ անտեսելով արևմտյան գործընկերների, մասնավորապես ԵՄ-ի բողոքներն ու նախազգուշացումները:





























