Սյունիքի մարզում, նոյեմբերի 11-ին, Դավիթ-Բեկ բնակավայրի մոտ տեղի է ունեցել հայ սակրավորների կողմից ականազերծված տարածքների հանձնումը մարզային իշխանություններին, որն իրականացվել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Արարողությանը մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիթը, ԱՄՆ-ի ռազմական կցորդի տեղակալ  Ջասթին Բադդը եւ այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով հյուրերին` ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը համառոտ ներկայացրել է ականազերծման կենտրոնի նպատակները, գործառույթներն ու ընթացիկ տարվա կատարված աշխատանքը:

Ռ. Առաքելյանը նշել է, որ գարնանը մեկնարկած աշխատանքների արդյունքում միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծվել է շուրջ 21 հեկտար հողատարածք. հայտնաբերվել եւ վնասազերծվել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային եւ հակահետեւակային ականներ:

Համապատասխան համակարգերի միջոցով մեկ անգամ եւս ճշգրտվել է եւ ստուգազննվել ականազերծված տարածքը, որից հետո ականազերծումը փաստող եւ տարածքի սահմանագոտին ճշգրտող հավաստագիրը հանձնվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Ողջունելով հյուրերին` Ս. Խաչատրյանը կարեւորել է կենտրոնի կողմից տարվող աշխատանքը եւ հույս հայտնեց, որ միջազգային դոնոր կազմակերպությունների լրացուցիչ ներդրումները կխթանեն ականազերծման գործընթացի ակտիվացումը:

Հրադադարի հաստատումից հետո դեռեւս ականապատված են մնում ՀՀ շուրջ վաթսուն բնակավայրերի հարակից տարածքներ: Կասկածելի տարածքներն էլ 102-ն են,  գրեթե 322 կիլոմետր քառակուսի մակերեսով: Այդ նույն տվյալների համաձայն` հրադադարի հաստատումից մինչ օրս ականներից եւ չվնասազերծված զինամթերքից Հայաստանում տուժել է ավելի քան 400 մարդ` 112-ը մահացու ելքով: Ամենամյա ականազերծման նմանօրինակ աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ ամենագլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետեւանքով  հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը: