NEWS.am-ի հետ հարցազրույցում ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը ներկայացրել է իր կարծիքը Ֆինանսների նախարարության առաջարկած հարկային ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: Դրանց քննարկումը մեկնարկել է խորհրդարանում:
Օրենքի նախագծերում ներկայացրած ո՞ր ուղղություններն եք կարեւորում:
Շատ կարեւոր է, որ պետությունը սուբյեկտների հետ փոխհարաբերություններում հանդես է գալիս որպես մեկ կառույց: Օրինակներից մեկը օրենքի նախագիծն է, որով հարկային գերավճարները կարող են դուրս գրվել բոլոր հարկատեսակների, այլ ոչ միայն ԱԱՀ-ի դեպքում: Ժամանակին մենք աշխատել ենք այդ նախաձեռնության վրա, սակայն չենք հաջողել: Այժմ այդ գաղափարը կյանքի է կոչվում եւ կարծում եմ, որ տնտեսվարող սուբյեկտները կգնահատեն այդ մոտեցման առավելությունները: Այժմ բիզնեսը կդրդի պետությանը դրա արդյունավետ կիրառմանը:
Բիզնեսը կշահի նաեւ հարկային օրենսգրքի հոդված 28-ի վերացումից (իրացվող ապրանքների եւ ծառայությունների պարտադիր գրանցման մասին): Այժմ հարկավոր է ընդամենը ունենալ ապրանքի տեղափոխման մասին փաստաթուղթ: Սակայն ես կցանկանայի տեսնել նաեւ այլ փոփոխություններ: Ես ճիշտ եմ համարում տնտեսվարող սուբյեկտին առավելագույն ազատության տրամադրումը եւ անբարեխիղճ ձեռնարկատիրության համար պատժի առավելագույն խստացումը: Այժմ անօրինական ձեռնարկատիրության համար նախատեսված է տուգանք մինչեւ հասույթի 100 տոկոս: Ես կառաջարկեի այդ նշաձողը բարձրացնել 2-3 անգամ: Իսկ բիզնեսի ազատությունից շահում են բարեխիղճ սուբյեկտները:
Հասարակությունում, իհարկե, շրջանառվում է, թե այս փաթեթն ընդամենը միջոցների հավաքագրման մեխանիզմ է, սակայն գործնականում տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են բիզնեսի վարման նոր հնարավորություններ: Այդ պատճառով պետք չէ ամեն նախաձեռնությունից սպասել միայն վատը եւ ներկայացնել բացասական: Կարելի է տեսնել ակնհայտ առավելություններ, որոնք տալիս են այս նախագծերը կարգապահ բիզնեսին:
Փաթեթի ընդունումից հետո քիչ հնարավորություններ կմնան ֆինանսական մուտքերը ձեւակերպել որպես օտարերկրյա ներդրում: ԱԱՀ-ի եւ շահութահարկի մաիսն օրենքներում առաջարկվում է դնել համապատասխան արգելքներ:
Տնտեսվարող սուբյեկտները օֆշորային գոտիներից փոխանցումները որպես տրանսֆերտ ձեւակերպելիս չեն կարողանա այն գրել որպես ծախս եւ ներառել ապրանքի ինքնարժեքի մեջ: Եթե նրանք ցանկանում են իրենք իրենց այդ տրանսֆերտներից տոկոս վճարել արտասահման, ապա պետք է վճարեն շահույթից:
Ձեր գնահատականը հանքարդյունաբերության միջին շահութաբերության վերաբերյալ եւ ո՞րն եք համարում առավել համարժեք հարկահանությունն այս ոլորտում:
Հաճախ ոչ մասնագետներն այս ոլորտում փնտրում են շահույթներ, որոնք անհայտ ուղղությամբ են հոսում: Իմ կարծիքով, առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել ոչ մետաղական հանքերին: Այդ հարցը ես բաձրացրել եմ, երբ դեռ նախարար էի: Կարելի է անցկացնել հասարակ վերլուծություն. վերցնել Հայաստանում իրականացվող շինարարության եւ օգտագործվող շինանյութի ծավալները: Հանելով արտահանումը`կարող ենք ստանալ ստվերային ծավալները:
Մետաղական հանքերի արդյունահանման ոլորտում կան համաշխարհային ստանդարտներ եւ հարկահանությունում, եւ կոնցեսիայում: «Կոնցեսիայի մասին» մեր օրենքը 2005-ին ստացավ Mining Journal միջազգային պարբերականի մրցանակը: Պատահական չէ, որ հետագայում ոլորտում գրանցվեց ներդրումների նոր հոսք: Օրենքն ապահովում է համաչափ բիզնես մթնոլորտ եւ պետական վերահսկողություն:
Ճի՞շտ եք համարում թանկարժեք ավտոմեքենաների հարկումը:
Ես կհարկեի ոչ թե ներմուծումը, այլ գույքահարկով: Այլապես, մինչեւ օրենքի ընդունումն այդ կարգի մեքենաներ ներմուծածները կհայտնվեն ավելի շահավետ վիճակում: Բացի այդ ավտոմեքենաների հարկը համայնքայինից կդարձնենի համապետական: Այդ հարկից գոյացած միջոցներն ուղղվում են ճանապարհային աշխատանքներին եւ բնապահպանությանը: Իսկ ավտոմեքենան օգտագործվում է ոչ միայն այն համայնքում, որտեղ գրանցված է: Այն համայնքներում որտեղ ավելի շատ մեքենաներ են գրանցված, ավելի շատ հարկեր կմուծվեն: Հարուստ համայնքները ավելի շահավետ վիճակում կհայտնվեն: Իսկ պետության քաղաքականությունը տեղական ինքնակառավարման ոլորտում ուղղված է հավասար ֆինանսական պայմանների ապահովմանը:
Ձեր գնահատականը բիզնեսի առանձին տեսակների հաստատագրված վճարների մեխանիզմին:
Ես այդ մեխանիզմի կողմնակիցը չեմ: Եթե սուբյեկտը զբաղվում է բիզնեսով, ապա պետք է ի վիճակի լինի հաշվապահություն վարի բոլոր կանոններով: Կան հասարակական սննդի օբյեկտներ, որոնք աշխատում են հաստատագրված վճարով, սակայն ավելի մեծ շրջանառություն ունեն, քան որոշ գործարաններ: Տնտեսական տեսանկյունից սխալ է անհավասար պայմանների ստեղծումը: Ընդգծեմ, որ խոսքը փոքր եւ միջին բիզնեսի մասին չէ: Այս դեպքում կարեւոր են ոչ թե բյուջեի մուտքերը, այլ զարգացումն ու վաղվա արդյունքը: Այդ պատճառով այստեղ պարզեցումն արդարացված է: Այլ կերպ ասած, երբ բիզնեսն ու պետությունը դառնում են գործընկերներ` բիզնեսը հեշտությամբ կարող է լուծել իր խնդիրները, իսկ պետությունը` հավաքել հարկերը: Հարկերը պետք է ոչ թե հավաքել, այլ ստեղծել պայմաններ, որ տնտեսվարող սուբյեկտն ինքը վճարի: Հեշտ խնդիր չէ, սակայն կառավարության վարպետությունը հենց բիզնեսի ակտիվության եւ հարկահավաքության համար պատասխանատու գերատեսչությունների փոխզիջման մեջ է:
Ձեր վերաբերմունքն ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ:
Միանշանակ կողմ եմ: Այդ մոտեցումը կիրառելի է ամբողջ աշխարհում: Այդ գաղափարի վրա ես էլ եմ աշխատել ժամանակին: 90-ականների վերջից այդ գաղափարը քննարկվում էր, սակայն ուրվագծվեց, երբ առաջարկ եղավ օգտագործել «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքը: Ժամանակին առաջարկ էր եղել ստեղծել ընդհանուր գոտի «Մարս» գործարանից մինչեւ «Զվարթնոց»: Ազատ տնտեսական գոտու հայեցակարգը կենսունակ է, իսկ հնարավորություններ մենք ունենք` բեռնափոխադրումների սպասարկման ենթակառուցվածքի զարգացման դեպքում:



























