Մեծ Բրիտանիայում այնքան մանրակրկիտ են մոտենում «Օլիմպիադա-2012»-ի անվտանգության ապահովմանը, որ պատրաստ են դրա համար «երկիր-օդ» հրթիռներ օգտագործել: Այս մասին հայտարարել է Միացյալ թագավորության պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը:
Նա հայտարարել է, որ Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու համար կկիրառվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, ընդհուպ մինչեւ «Երկիր-օդ» հրթիռների օգտագործում, եթե ծագի դրա անհրաժեշտությունը, հաղորդում է Sky News-ը:
Պաշտպանության նախարարն իր այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել Լոնդոնում կայանալիք օլիմպական խաղերի ժամանակ, իրենց կարծիքով, անվտանգության անբավարար մակարդակի առնչությամբ եւ հայտարարել, որ մտադիր է շուրջ հազար հատուկ գործակալներ ուղարկել իրենց մարզիկների ու դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար:
Ավելի վաղ, բրիտանական իշխանությունները հայտնել էին, որ «Օլիմպիադա-2012»-ի ժամանակ անվտանգությունըեւ կապահովեն 12 հազար բրիտանացի ոստիկաններ, շուրջ 10 հազար տեղական պաշտպանության գործակալությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ 6 հազար զինվորականներ:
Նշենք, որ օլիմպիադաների ժամանակ անվտանգության նկատառումներից ելնելով հրթիռների կիրառումը նորություն չէ: Նախորդ օլիմպիական խաղերի ժամանակ, Պեկինում, չինական իշխանություններն արդեն կիրառել են հակահրթիռային պաշտպանության համակարգեր` օլիմպիական օբյեկտները պաշտպանելու նպատակով:




























