Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում, նոյեմբերի 15-17-ին, անցկացվում է «Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական եւ քաղաքակրթական կենտրոն» թեմայով միջազգային գիտաժողով:
Անիին նվիրված բացիկներով գիտաժողովին ներկայացել է նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ն: Վերջինս թողարկել է 10-րդ դարավերջի հայկական հրաշագեղ մայրաքաղաքին նվիրված 3 բացիկներ` Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցին, Սմբատաշեն պարիսպները, Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցին, յուրաքանչյուրը` 1000-ական տպաքանակով:
Պատմական Հայաստանի ճարտարապետական հնագույն մեծարժեք կոթողները «Հայփոստ»-ի կողմից նամականիշերի եւ բացիկների տեսքով ներկայացվում են ոչ միայն ֆիլատելիստական շրջանակներին, այլ նաեւ հասարակության լայն շերտերին: Դրանցից են, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների շարքը (4 նամականիշով գեղաթերթ)` թողարկված 2009 թ.-ին. Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմեի տաճարը, Սբ Գայանե եկեղեցին, Զվարթնոց տաճարը:
Մինչեւ տարեվերջ նախատեսվում է թողարկել նաեւ Հաղպատ եւ Սանահին վանքերին նվիրված նամականիշները, որոնք նույնպես ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Այս տարվանից նախատեսվում է սկսել եւ հանրությանը ներկայացնել հայկական խաչքարերին նվիրված նոր շարքը, որոնց առաջին թողարկումները նվիրված են Գոշավանքի` Պողոս վարպետի կողմից 13-րդ դարում կերտած խաչքարին եւ նույն դարի անհայտ վարպետի եւս մեկ խաչքարին:



























