ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է համակարգային բարեփոխումներ իրականացնել, որոնց նպատակն է ավելի ժողովրդավարական եւ ազգային արժեքների վրա խարսխված Հայաստանի կայացումը:

Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ իրենք կարեւորում են արդար եւ թափանցիկ ընտրական գործընթացների կազմակերպումը:

«Բարեփոխումները շարունակվելու են նաեւ տնտեսական ոլորտում: Պատահական չէ, որ նախագահ Սարգսյանը նշեց, որ տնտեսության զարգացումը ազգային անվտանգության խնդիր է: Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանը անցած տարի աշխարհի, թերեւս, միակ երկիրն է, որն առաջընթաց է արձանագրել տնտեսական ազատության աստիճանի բնութագրող բոլոր ուղղություններով, այդ թվում պատրաստակամ ենք հետեւողաբար բարելավել բիզնես միջավայրը:

Հարգելի խորհրդարան, 2012-ի բյուջեն ունի հստակ սոցիալական  ուղղվածություն, որտեղ որեւէ սոցիալական ծրագիր չի կրճատվելու, ավելին` շուրջ 10 տոկոսով ավելանելու են ընտանեկան նպաստները, ինչպես նաեւ, կենսաթոշակները: Մենք գիտակցում ենք, որ սա բավարար չէ սոցիալապես անապահով խավերի խնդիրները լուծելու համար, բայց վճռական ենք` իրականացնելու քայլեր` հասարակության սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ: