Շիրակի մարզում այսօր` նոյեմբերի 16-ին, վաղ առավոտից ձյուն է տեղում, ինչը դժվարություններ է ստեղծել վարորդների եւ հետիոտների համար:
Ձյունը դժվարանցանելի է դարձրել երթեւեկությունն ինչպես քաղաքի ներսում, այնպես էլ միջհամայնաքային ճանապարհներին: Բանն այն է, որ սառույցով պատված փողոցներին կրկին ձյուն է տեղում, ինչը մերկասառույց է առաջացնում:
«Գյումրի» ավտակայանի հերթապահ մասից NEWS am-ի թղթակցին փոխանցել են, որ միջհամայնքային եւ Երեւան-Գյումրի ճանապարները դժվարանցանելի են եղել միկրոավտոբուսների համար առավոտյան ժամերին, իսկ ժամը 12-ից վիճակը շտկվել է:
Շիրակի մարզային փրկարարական վարչությունը այսօր մինչեւ կեսօրվա դրությամբ ոչ մի ահազանգ չի ստացել: Շիրակի մարզի փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանի խոսքով, Շիրակի մարզի, ինչպես նաեւ մարզից մեկող բոլոր միջպետական նշանակության ավտոճանապարհները բաց են, սակայն տեղ-տեղ դժվարանցանելի:
«Մերկասառույց կա ինչպես քաղաքի ճանապահներին, այնպես էլ համայնքային ու միջպետական ճանապարհների որոշակի հատվածներում»,-նշել է նա:



























