Համատեղության կարգով Անդորրայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, նոյեմբերի 14-ին, իր հավատարմագրերն է հանձնել Անդորրայի Իշխանության համիշխան, Իսպանիայի Ուխելի Եպիսկոպոս Գերաշնորհ Խուան Էնրիկ Վիվես Սիսիլիային (Son Excellence Monseigneur Joan Enric Vives Sicilia, Coprince de la Principauté d`Andorre):

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Անդորրայի Համիշխանը շնորհավորել է դեսպանին հավատարմագրման կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ Անդորրայի եւ Հայաստանի միջեւ արդեն ձեւավորված բարեկամական հարաբերություններն առաջիկա տարիներին կշարունակեն զարգանալ եւ էլ ավելի խորանալ:

ՀՀ դեսպանը կարեւորել է Անդորրայի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ համագործակցությունն այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԷՍԿՕ-ն, Եվրոպայի Խորհուրդը, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը:

Նույն օրը դեսպան Չիտեչյանը հանդիպել է Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբեր Սաբոյա Սունիեի (Gilbert Saboya Sunyé) հետ: Հանդիպմանը քննարկվել են ինչպես հայ-անդորրական հարաբերություններին առնչվող, այնպես էլ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցեր: