Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «Թթենի» ֆիլմի սցենարն իրականություն է դարձել, բայց վիճաբանությունը ծագել է, ոչ թե հարեւանների, այլ երկու եղբայրների ընտանիքների միջեւ, ինչ արդյունքում 6 ծառ է այրվել։
NEWS.am-ին ավելի վաղ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ին, ոստիկանությսն Արմավիրի բաժին է զանգահարել Սարդարապատ գյուղի մի բնակչուհի եւ հայտնել, որ եղբոր կինը դիտավորյալ այրել է իր այգու ծառերը:
NEWS.am-ը փորձելով պարզել մանրամասները զրուցեց Արմավիրի բաժին պետ` ոստիկանության գնդապետ Արշավիր Գեւորգյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ երկու եղբայրների օղորմածիկ հայրը այգին բաժանել է երկու եղբայրների միջեւ, բայց ցանկապատ չի հասցրել տեղադրել։
«Ասել է կեսը մի որդուն, կեսը` մյուսին։ Բաժանման գծի ծառերը, որոնք որ այրվել են, բողոքող կողմը ով հայտարություն է տվել ասում է մերն է, մյուս կողմն էլ, թե մեր հերը մեզ է տվել մերն է։ Ամբողջ պատճառը սա է»,- պարզաբանեց Արշավիր Գեւորգյանը, սակայն չկարողացավ միանշանակ ասել քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ, քանի որ նախ վնասի չափը պետք է որոշվի, որից հետո հայտարարություն տվողը պետք է կարողանա հիմնավորել, որ այգու այդ հատվածը իրենն է։
«Իսկ եթե այրող կողմն ապացուցի, որ իր ծառերն են, քրեական գործ չեն կարող հարուցել, քանի որ նա իրեն պատկանող ծառերն է այրել»,- նշեց Գեւորգյանը:




























