ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախազգուշացմանը, ըստ որի Միացյալ Նահանգները կդադարեցնի զենքի մատակարարումն իր դաշնակցին, եթե Գազայի հարավի՝ ավելի քան 1 միլիոն պաղեստինցիներ ապաստանած Ռաֆահ քաղաքի վրա լայնածավալ հարձակում սկսի, Իսրայելը պատասխանել է անհանգստության և ցասման խառնուրդով։
Ամերիկյան NBC News հեռուստաալիքը նշել է, որ Իսրայելի պաշտոնյաներն ըստ երևույթին չէին էլ կասկածում, թե հետևանքները կարող են այդքան հեռուն գնացող լինել։
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ զենքի մատակարարումների դադարն անչափ հիասթափեցնող, նույնիսկ՝ ցավալի որոշում էր: Իսրայելի 12-րդ ալիքին տված հարցազրույցում Էրդանը հայտարարել է, թե այդ քայլը պայմանավորված է ճնշումներով, որոնց Բայդենը բախվում է ինչպես Կոնգրեսի, այնպես էլ ուսանողական բողոքի ցույցերի պատճառով:
«Իսրայելը կշարունակի պայքարել ՀԱՄԱՍ-ի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ոչնչացվել»,- ավելի վաղ հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ ի պատասխան Բայդենի սպառնալիքի։ «Ավելի արդար պատերազմ, քան սա է, չկա»,- շեշտել է Կացը:
Պատերազմի նկատմամբ Վաշինգտոնի հանրային մոտեցման փոփոխությունն ազդարարող նախազգուշացումը հետևել է նրան, երբ Բայդենի վարչակազմն անցած շաբաթ դադարեցրել է ռումբերի առաքումն Իսրայելին՝ Ռաֆահ ներխուժելու Թել Ավիվի ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, թեև ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են, նշել է ամերիկյան հեռուստաալիքը:





























