Ամերիկյան Universal Trading & Investment Co. (UTICo) ընկերությունը հայց է ներկայացրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ` 18,3 միլիոնի դոլարի չափով: Ընկերությունը անհաջող փորձեր է անում այդ գումարը ստանալ «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգից» (ԷՍՈւ), որը ժամանակին ղեկավարում էր Տիմոշենկոն:

UTICo ընկերությունն իր հայցի մեջ նշել է, որ ԷՍՈւ-ի ակտիվները ապօրինի ձեւով դուրս են բերվել Տիմոշենկոյի վերահսկողությունից հետո, մասնավորապես, տեղափոխվել են Կիպրոս: Այդ ակտիվների ընդհանուր գուրմարը գերազանցում է 2,2 միլիարդ դոլարը, ենթադրում է ընկերությունը` հիմնվելով Ուկրաինայի Գլխավոր դատախազության վրա:

Ուկրաինայի նախին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին նոր մեղադրանքներ են ներկայացրել նաեւ 165 մլն դոլարի եկամուտ թաքցնելու, բյուջետային միջոցների յուրացման եւ 5,8 մլն դոլարի հարկեր չվճարելու մեջ:

Հիշեցնենք, հոկտեմբերի 11-ին Կիեւի Պեչերյան դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործի վերաբերյալ վճիռ է կայացրել:  Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2009թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի ստորագրման ընթացքում պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեջ։ Տիմոշենկոյին դատապարտել են յոթ տարվա ազատազրկման, ինչպես նաեւ արգելել են երեք տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնել: