Թեև անձրևը դեռ չի դադարել, սակայն Բագրատ Սրբազանը համախոհների հետ դուրս եկավ եկեղեցու բակ՝ ամփոփելու օրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն համակիրների հետ Սուրբ Աննա եկեղեցում է։ Նախատեսված էր հանդիպում, որի ընթացքում պետք է ամփոփվեր օրը եւ ներկայացվեին առաջիկա անելիքները։ Սակայն հորդառատ անձրեւի պատճառով հավաքվածները մտան եկեղեցի, որտեղ Բագրատ Սրբազանի առաջարկով միասին աղոթեցին, ինչի հետո Սրբազանը հատվածներ ընթերցեց Ավետարանից։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները փակել էին ինչպես մայրաքաղաքի, այնպես մարզերի մի շարք ավտոճանապարհներ։
Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում բերման էր ենթարկվել 156 անձ, նրանցից շատերի նկատմամբ կիրառվել էր բիրտ ուժ։ Բերման ենթարկվածները ժամեր անց ազատ էին արձակվել: Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հանրապետության հրապարակից սկսել էին նաև շրջայց դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, ԳԱԱ պատմության ինստիտուտ և վերադարձել Հանրապետության հրապարակ:
Նկարիչների և Գրողների միությունում Բագրատ Սրբազանին դիմավորել էին միությունների ղեկավարները, իսկ ԳԱԱ-ում դռները փակ էին, արդյունքում Բագրատ Սրբազանը չկարողացավ ներս մտնել: Փոխարենը նրան սպասում էին ԳԱԱ պատմության ինստիտուտում: Նշենք, որ Բագրատ Սրբազանը փորձել էր մտնել ԱԺ եւ սուրճ խմել, սակայն չէր կարողացել շենք մտնել՝ անձնագիրն իր մոտ չունենալու պատճառով:





























