Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ Պետքարտուղարության Պատժամիջոցների համաձայնեցման գրասենյակի ղեկավար Ջիմ Օ'Բրայենի այցի կապակցությամբ հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման խնդրանք է եղել, որը Իվանիշվիլին մերժել է։

Ըստ վրացական Առաջին ալիքի՝ Կոբախիձեն նշել է, որ վերջին ամիսներին եղել են դեպքեր, երբ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել նաև մյուս օտարերկրյա քաղաքական գործիչների հետ։ Ըստ վարչապետի, մերժման պատճառը բոլոր դեպքերում եղել է նույնը. Բիձինա Իվանիշվիլին չի կարող որևէ հանդիպում անցկացնել շանտաժի սպառնալիքով։

Կոբախիձեն նշել է, որ Բիձինա Իվանիշվիլիին պատժամիջոցների հարցը չի հետաքրքրում: «Նա հայտարարել է, որ արդեն իսկ պատժամիջոցների տակ է։ Սառեցրել են Արևմուտքին վստահած նրա 2 միլիարդ դոլարը, և արդյունքում այդ գումարը հայտնվել է «Գլոբալ պատերազմի կուսակցության» ձեռքում։

Ելնելով դրանից՝ Իվանիշվիլիի դիրքորոշումն այն է, որ չի կարող հանդիպում անցկացնել շանտաժի սպառնալիքով։ Հենց այս շանտաժն ու փաստացի պատժամիջոցներն ավարտվեն, բնականաբար, ցանկացած հանդիպում անհապաղ կկազմակերպվի»,- ընդգծել է Իրակլի Կոբախիձեն։